Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված Ֆաթուլլահ Գյուլենի եւ Մուստաֆա Գյունայի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ձայնագրությունում ի թիվս այլ թեմաների, խոսվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Պնախարարը ծանոթ չէ վերը նշված անձանց հետ եւ ինքը որեւէ շնորհավորական նամակ չի ստացել»: «Մենք տեղի ունեցածը սադրանք ենք համարում»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ երեկ Youtube-ում տարածված հեռախոսազրույցի աուդիոձայնագրությունում խոսվում է 2013-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման մասին: Ոմն Հիդայաթ Քարաջ հայտարարել է, որ մտադիր էր այցելել Բաքու, շնորհավորել նոր նախարարին նշանակման առթիվ, սակայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ գրել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ֆաթուլլահ Գյուլենի եւ Մուստաֆա Գյունայի միջեւ:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնական հասարակական շարժման առաջնորդն է, որը ժամանակակից իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի կողմնակից է: Նրա ղեկավարած շարժումը Թուրքիայում եւ երկրի սահմաններից դուրս ամսագրեր, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ունի:
Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը դարձավ «Խոշոր կաշառք» գործողությունը 2013-ի դեկտեմբերի 17-ին:



























