Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Հարազատ թշնամի» սերիալում գեներալի դերակատար Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝  Լիլիթը: «Նա լավ է, խոսում է, առույգ է»,- ասաց դուստրը:

Գուժ Մանուկյանը ոտքերի ցավեր ունի, կոնքազդրային խնդիրներ: Առայժմ դերասանին չեն վիրահատել: Հայտնի չէ՝ երբ կլինի վիրահատությունը, դա կախված է բժշկից:

Նշենք, որ նախորդ տարի էլ Գուժ Մանուկյանը տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Այդ անգամ տեղափոխման պատճառը արյունահոսության ախտանշաններն էին, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը:  Դրանից հետո հայտնի դերասանի մոտ այլ  առողջական խնդիրներ էր առաջացել: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասել էր Գուժ Մանուկյանը: