Երեւանում հաշվառված են շուրջ 53000 սահմանափակ կարողություններով անձիք, որոնցից շուրջ 3000 երեխաներ են: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 19-ին, Երեւանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նրանց հիմնախնդիրների լուծման նպատակով քաղաքապետարանում ստեղծված է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի Երեւանի քաղաքային հանձնաժողով», որն իր գործունեությամբ զգալիորեն նպաստում է մայրաքաղաքում նրանց խնդիրների լուծմանը, Երեւան քաղաքն առավել մատչելի եւ  հարմարավետ դարձնելուն, ինչպես նաեւ տարաբնույթ սոցիալական աջակցությունների եւ ծառայությունների մատուցմանը»,-նշել է քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Անդրադառանալով 2013 թվականին սիրիահայ ընտանիքների համար իրականացված աջակցության ծրագրերին նշվել է, որ հարյուրավոր ընտանիքների տրամադրվել է ինչպես ֆինանսական, այնպես էլ կենցաղային իրերի, հագուստեղենի  եւ պարենային աջակցություններ: Բացի այդ՝ շատերը  ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում, տեղավորվել են աշխատանքի, ստանում են նպաստ կամ կենսաթոշակ։

Ռուզաննա Զաքարյանը կարեւոր ձեռքբերում է համարել անօթեւանների հավաքագրման եւ ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագրի իրականացումը, որը քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է 2011թ. դեկտեմբերի 20-ից։

Մինչեւ 2013թ. ավարտը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի հետ հավաքագրվել եւ կացարան են տեղափոխվել  225 անօթեւան, որոնցից 85-ը միայն 2013թ. ընթացքում: Իրականացված աշխատանքների շնորհիվ նրանց մեծ մասը ապահովել է աշխատանքով կամ վերադարձվել է ընտանիք: 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթեւանների ժամանակավոր կացարանի հետ::

Նշվել է, որ ներկայում Երեւանում գործող բարեգործական 16 ճաշարանից օգտվում է շուրջ 2400 շահառու։

Երեւան քաղաքի ավագանու համապատասխան որոշումների համաձայն՝ գույքահարկի գծով արտոնություն է տրամադրվել Արցախյան պատերազմի 1-ին եւ 2-րդ խմբի, Հայրենական պատերազմի վետերաններին, Աֆղանական պատերազմի 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին՝ սեփականության իրավունքով պատկանող Երեւան քաղաքում հաշվառված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում այն բնակելի նշանակության շինություններ մասով:

Սոցիալական ապահովության վարչության պետը նաեւ տեղեկացրել է, որ  2014 թվականի հունվարի 1-ից հետո ծնվող երեխաների համար միանվագ նպաստները այսուհետ վճարվում են սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների կողմից: