Փարիզում ձերբակալել են Greenpeace շարժման ակտիվիստներ, որոնք հինգ տոննա ածուխ են շաղ տվել Ելիսեյան պալատի մուտքի մոտ:

Հաղորդվում է, որ ածուխը Փարիզի կենտրոն են բերել բեռնատարով: Բեռնատարի մեջ եղել է կոնտեյներների մեջ պահվող 2000 լիտր ռադիոակտիվ ջուր: Greenpeace-ում պնդել են, որ հեղուկը մարդկանց համար անվտանգ էր:

Ինչպես նշվում է, բնապահպաններն այդ կերպ ցանկացել են ներկայացնել, իրենց  կարծիքով, երկու ծայրահեղ վտանգավոր միջոցներ՝ ուղղված էներգիա ստանալուն: Ակցիան նվիրված է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը: Այս մաիսն հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Le Parisien-ը:

Նշենք, որ Ֆրանսիան աշխարհում ատոմային էներգիայի արտադրության առաջատարներից է: Իր հերթին Գերմանիան վերջերս ավելի շատ կենտրոնանում է ածխային էլեկտրակայանների վրա, որը բնապահպանները քննադատում են ածխաթթու գազի արտանետման համար: