Երեւանի կենդանաբանական այգու զարգացման հեռանկարները, դրանց ուղղված առաջարկություններ ու աջակցության հարցեր են քննարկել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանի (Նիդերլանդներ), Երուսաղեմի բիբլիական  կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնի (Իսրայել), ինչպես նաեւ Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու կառուցվածքային այլ ճյուղերի ղեկավարներների հետ։  Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ուրախ եմ, որ համագործակցության եզրեր եք փնտրում Երեւանի կենդանաբանական այգու հետ. մեզ համար շատ կարեւոր է ձեր պրոֆեսիոնալիզմը, փորձառությունը։ Երեւանի կենդանաբանական այգին մեր քաղաքում սիրված վայրերից է, որին, հատկապես վերջին տարիներին, Երեւանի քաղաքապետարանը ավելի մեծ ուշադրություն է դարձնում եւ ունի մեծ նախագծեր»,-նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Հիմավորելով կենդանաբանական այգիների դերը քաղաքների զբոսաշրջության զարգացման համատեքստում՝ Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը հատկանշել է, որ Երեւանի կենդանաբանական այգին ունի զարգացման աներեւակայելի մեծ ներուժ՝ ինչպես քաղաքային իշխանությունների տրամադրվածության, այնպես էլ այգու տնօրինության շնորհիվ։

«Կենդանաբանական այգին մի փոքրիկ աշխարհ է քաղաքի մեջ, հետեւաբար, տարբեր երկրների քաղաքների կենդանաբանական այգիների համար շատ կարեւոր է համագործակցությունը, փորձի փոխանակումը միմյանց միջեւ։ Մենք սիրով պատրաստակամ ենք փոխանցելու մեր երկարամյա փորձը Երեւանի կենդանաբանական այգուն»,- հավելել է Արտիսի թագավորական կենդանաբանական այգու տնօրենը։

Երուսաղեմի բիբլիական  կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնի խոսքով՝ ուշագրավ է հատկապես այգու տեղակայման բնական դիրքն ու տեղանքը, ինչը բավականին մեծ հնարավորություններ կարող է տալ կենդանաբանական այգիների կառուցմամբ մասնագիտացած ճարտարապետներին։

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել այգու զարգացման միտումները, ազատավանդակներ կառուցելու եւ այլ ծրագրերը։

Երուսաղեմի բիբլիական  կենդանաբանական այգու տնօրեն Շայ Դարոնը նշել է նաեւ, որ իրենց այգում բնակվում են բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք իրենք նվիրել են Երեւանի կենդանաբանական այգուն եւ, պայմաններ ստեղծվելուն պես, այդ կենդանիները կտեղափոխվեն Երեւանի այգի։