Լուցկ քաղաքի ոստիկանապետ Վասիլի Մարչիշակը այսօր հայտարարել է, որ իր ենթակաները «անցել են ժողովրդի կողմը», որից հետո հրամայել է ցուցարարներին փոխանցել ոստիկանական վահանները, սաղավարտներն ու մահակները, հաղորդում է ՆԲՆ-ն:
«Ոստիկանությունը կոնֆլիկտ չի ուզում ու անցնում է ժողովրդի կողմը»,-իր գործողությունները պարզաբանել է Մարչիշակը: Ըստ որում, նա հրաժարվել է ցուցարարներին տրամադրել հրազեն, որը զինանոցներում վերահսկողության տակ է:
Հաղորդվում է, որ մարզային ոստիկանության ղեկավարությունը խոստացել է, որ ուժ չի կիրառելու տեղացի ցուցարարների նկատմամբ: Ոստիկանության անզեն աշխատակիցները լքել են ՆԳ մարզային վարչությունն ու ցրվել տներով:
Նշենք, որ ավելի վաղ Լուցկի ցուցարարները ավիրել ու այրել էին Ռեգիոնների կուսակցության ու Ուկրաինայի Կոմկուսի գրասենյակները, ինչպես նաեւ հավաքվել մարզկենտրոնի շենքի մոտ:
Բացի այդ, Կիեւից նշանակված նահանգապետ Ալեքսանդր Բաշկալենկոյին ցուցարարները բռնել էին մարզային ոստիկանության շենքում: Նրան ծեծի էին ենթարկել, ծնկի իջեցրել ու հրամայել, որ հրաժարական տա: Երբ նա հրաժարվել էր, նահանգապետին ուղարկել էին տեղի մայդան՝ «շփվելու ժողովրդի հետ»: Բացի այդ, ցուցարարները որոշել էին կենտրոնական հրապարակ բերել նահանգապետի ընտանիքի անդամների, որպեսզի ազդեն նրա վրա եւ նա համաձայնել է հրաժարական տալ:




























