Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործը հետաքննած դատախազ Զեքերիա Օզի փաստաբան եւ մոտ ընկեր Մահմուդ Գյոնուլթաշը ավտովթարի է ենթարկվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին, Ստամբուլի Հադըմքյոյի շրջանում դատախազ Զեքերիա Օզի փաստաբան Մահմուդ Գյոնուլթաշը վարած «Հոնդա» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել փաստաբանի կյանքը։
Նշվում է, թե ավտովթարը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում եւ իրավապահները զբաղվում են դրա քննությամբ։
Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո Զեքերիա Օզին հեռացրել էին պարտականություններից եւ ավելի ցածր պաշտոն տվել։ Զեքերիա Օզը հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշ մարդկանց միջոցով իրենից պահանջել է դադարեցնել «Մեծ կաշառքի» հետաքննությունը եւ ներողություն խնդրել, հակառակ դեպքում սպառնալով սպանել իրեն։



























