Մասնավոր հատվածի զարգացումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումները եւ արդարադատության ոլորտի բարեփոխումները կլինեն 2014-2020թթ ԵՄ-Հայաստան հարաբերությունների գերակա ուղղությունները, քանի որ ակնկալվում է, որ դրանք կնպաստեն երկրի տնետսական աճին: Այդ մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` ԵՄ հարեւանության տեղեկատվական կենտրոնի հետ հարցազրույցում:

«Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ մրցակցության խթանմանը, ՓՄՁ-ի հատվածի ուժեղացմանը` հատկապես գյուղական վայրերում, բիզնեսների իրավունքների պաշտպանությանը, Կառավարության գործունեության եւ ադմինիստրատիվ կարողությունների զարգացմանը ու անկախ եւ արդյունավետ արդարադատության ոլորտի զարգացմանը: Հորիզոնական շեշտ կդրվի այս բոլոր ոլորտների երկայնքով քաղաքացիական հասարակության աջակցման վրա»,- նշել է Հրիսթեան:

Դեսպանն ընդգծել է, թե Եվրոպական հարեւանության գործիքը կնպաստի` զարգացնելու հարաբերությունները եւ բերելու շոշափելի արդյունքներ  ինչպես ԵՄ-ին, այնպես էլ  Հայաստանին, երկկողմանի եւ տարածաշրջանային ծրագրերին: «Կիրառելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը` մենք ակնկալում ենք ցուցաբերել առավել շատ աջակցություն այն գործընկերներին, որոնք լիակատար իրականացնում են ընդգրկուն եւ ամբողջական ժողովրդավարական գործընթացներ»,-ասել է նա:

Դեսպանի խոսքով, Եվրոպական Միությունը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտների բարեփոխումներին: «Եվս մեկ նախագիծ` ԵՄ խորհրդատվական խումբը, որն աջակցել է զարգացնելու ավելի արդյունավետ ռազմավարական եւ իրավական շրջանակ Հայաստանի տարբեր ինստիտուտների ներքո եւ օգնել է Հայաստանին նախապատրաստվելու ԵՄ հետ տեխնիկական եւ քաղաքական երկխոսությանը»,- ասել է նա: