Փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:  Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի  ղեկավար Վահրամ Կաժոյանը  տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի  կառավարություն:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Կաժոյանը հիշեցրել է, որ ԱՄՆ Պետքարտուղարության  մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն` Հայաստանն առաջին անգամ դասվել է  երկրների 1-ին խմբում, ինչը բոլոր շահագրգիռ կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքն է: 

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը տեղեկություններ է ներկայացրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» նոր օրենքի նախագծի մասին` նշելով, որ փաստաթղթի  նպատակը  թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, ինչպես նաեւ աջակցության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրման ապահովումն է: Նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ: Վ. Կաժոյանը տեղեկացրեց, որ  փաստաթուղթն ուղարկվել է նաեւ ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբին (ԳՐԵՏԱ-ի) եւ ԱՄՆ պետքարտուղարությանը` փորձագիտական գնահատականների ստացման համար: Խորհրդի նիստին ներկա ԳՐԵՏԱ-ի փորձագետը որոշ նկատառումներ ներկայացրեց նախագծի վերաբերյալ: Փոխվարչապետն առաջարկեց  փաստաթուղթը լրամշակել` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ այն եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ:

Օրակարգի մյուս հարցը վերաբերում էր թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի մասին  լավագույն լրագրողական աշխատանքների ընտրության  ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպմանը: Որոշվեց, որ 2013թ.  աշխատանքների ընտրության մրցույթը կհայտարարվի փետրվարի վերջին: