Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Հանդիպմանը ներկա էր նաեւ աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ.  Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում  զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Սուրբ Աթոռի, ինչպես նաեւ Հռոմի Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Սիրիայում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Միջին (Մերձավոր) Արեւելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ: