Կիեւի Անկախության մայդանում այս պահին 20-ից ավելի վիրավոր իրավապահ կա, ասված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:

«Պարզվել է, որ Անկախության մայդանում, հնարավոր է՝ կոնսերվատորիայի շենքից, բացահայտ հրազեն են գործածել՝ ընդդեմ «Բերկուտի» աշխատակիցների»,- ասված է հաղորդագրությունում:

Տուժածներին նախաբժշկական օգնություն է ցուցաբերվել:

Իրավապահները նաեւ թունավոր անհայտ նյութի գործածման մասին տեղեկատվություն ունեն, «112 Ուկրաինա»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի քարտուղար Սերգեյ Բուրլակովը:

Հիշեցնենք, չնայած հաշտության մասին պայմանավորվածությանը, Մայդանում իրավիճակը սրվում է:

Ցուցարարները «բերկուտների» վրա քարեր եւ վառվող շշեր են նետում: «Բերկուտը» պատասխանում է լուսաաղմկարար նռնակներով:

Սեւ, թանձր ծխի պատճառով իրավապահները համարյա չեն երեւում:

Լսելի են շտապօգնության մեքենաների սիրենաներ: Մարդկանց պարբերաբար պատգարակներով տեղափոխում են:

Ավելի վաղ ուժայինների ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլներ» էին նետել Կիեւի կոնսերվատորիայի շենքում: