Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Անկախության հրապարակում՝ Մայդանում, իրավիճակը շատ յուրահատուկ է եւ պետք չէ համեմատել 2008թ. մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի հետ: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նորաստեղծ ՀՀՇ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով այն կարծիքներին, որ Ուկրաինայում կատարվող իրադարձությունները Հայաստանում համեմատում են 2008թ. մարտի 1-ի հետ, երբ 10 մարդ զոհվեց:

«Պրոցեսը շատ երկար է, եւ շատերը փորձում են զուգահեռներ անցկացնել Հայաստանի եւ առհասարակ մյուս երկրների հետ, բայց Ուկրաինայում իրավիճակն ավելի յուրահատուկ է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանն է մեղավոր Ուկրաինայում կատարվող իրադարձությունների մեջ. «Նախագահ Յանուկովիչը սադրեց ժողովրդին` օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարելով, թե իրենք ոչ մի պետության թույլ չեն տա իրենց հետ նման ձեւով խոսել, իսկ դրանից մի քանի ամիս հետո նույն Յանուկովիչը հայտարարեց, թե չեն մտնում Եվրամիություն»:

Իգիթյանին հակադարձեց իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` ընդգծելով, որ Մայդանի դեպքերը Եվրամիության սխալ քաղաքականության հետեւանքն են. «Ուկրաինայում կատարվող իրադարձությունները Եվրամիության սխալ քաղաքականության հետեւանքն են, երբ դրվեց «կամ կամ» սկզբունքը: Ես այս մասին ասել եմ նաեւ նախորդ տարվա նոյեմբերին»:

Իգիթյանը հակադարձեց՝ ասելով, որ «Կամ կամ»-ը Ռուսաստանի վարած քաղաքականությունն է. «Նույն Վլադիմիր Պուտինը ստիպեց Սերժ Սարգսյանին մի քանի ժամվա ընթացքում որոշում կայացնել ու հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին, մինչդեռ ժողովուրդը համոզված էր, որ մտնելու է Եվրամիություն: Նույնը եղավ նաեւ Ուկրաինայի դեպքում, սակայն այնտեղ մարդիկ ընդվզեցին»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում անցած տարվա նոյեմբերից հակակառավարական ցույցեր են տեղի ունենում: Կիեւի կառավարական թաղամասում փետրվարի 18-ից սկսած ցուցարարների ու իրավապահների միջեւ կատաղի բախումներ են տեղի ունենում, որի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 28-ի, կան հարյուրավոր վիրավորներ։