Դեռեւս 2013թ.-ի տարեսկզբին մեկնարկած «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը (տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը) եւ նախնական ծրագիրը, որը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի եւ Գեղարքունիքի մարզերով, արդեն պատրաստ է:
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են. «Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից, թունելներից, բարդ կառույցներից եւ կունենա 27 կայարան: Ակնկալվում է, որ շինարարությունը կտեւի մինչեւ 6 տարի:
«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը սեփական միջոցներով է իրականացրել պայմանագրով նախատեսված երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքների հիման վրա հետագայում նախատեսվում է կոնցեսիոն եղանակով իրականացնել նաեւ շինարարական աշխատանքները եւ հետագա շահագործումը:
Իրագործելիության ուսումնասիրության շուրջ կապալառուի կողմից աշխատանքները մեկնարկել էին դեռեւս 2012թ. դեկտեմբերին եւ տեւեցին շուրջ 1.5 տարի: Այն մշակելու նպատակով «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներգրավել է միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, ճանապարհային կոնստրուկցիաների կառուցմամբ մասնագիտացած եւ մեծ փորձ ունեցող «Չինաստանի հաղորդակցային ընկերությանը» (CCC-Co.ltd):
Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը ներկայացվել է նաեւ ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում կարեւորագույն եւ աննախադեպ այս ծրագրի իրագործմանը, որը Հայաստանի խոշորագույն ռազմավարական հեռանկարներից է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ՝ նախարարությունը լուրջ եւ հսկայածավալ աշխատանքներ է կատարում, որպեսզի շուրջ երեք միլիարդ դոլար արժողությամբ տարածաշրջանային նշանակության այս ծրագիրը կյանքի կոչվի»:
«Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագիրը դառնալու է Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ ուղին:



























