Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատը ստորին պալատից հետո փետրվարի 20-ին հաստատել է հարավային Անդհրա-Պրադեշ նահանգից նոր սուբյեկտի՝ Տելանգանա նահանգի բաժանման մասին օրինագիծը:
Կառավարության որոշման համաձայն՝ Տելենգանան Հնդկաստանի 29-րդ նահանգը կդառնա: Հայդարաբադ քաղաքը 10 տարվա ընթացքում կլինի ինչպես նոր նահանգի, այնպես էլ Անդհրա-Պրադեշի մայրաքաղաք, որից հետո վերջինիս իշխանությունները մեկ այլ քաղաքի պետք է մայրաքաղաքի կարգավաիճակ շնորհեն: Այժմ օրենքը պետք է ստորագրի նախագահը, սակայն Հնդկաստանում այս գործընթացն ըստ էության ձեւական բնույթ է կրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տելանգանան պատմական շրջան է, որն այս պահին Անդհրա-Պրադեշի կազմում է Հայդարաբադ կենտրոնով: Նրա տարածքում բնակվում է մոտ 35 մլն մարդ: Անդհրա-Պրադեշում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 84 մլն քաղաքացի:
Տելանգանայի շատ բնակիչներ համարում են, որ Անդհրա-Պրադեշի իշխանությունները ինչպես հարկն է չեն գործում ռեսուրսներով հարուստ իրենց շրջանի զարգացման համար, ուստի կողմ են բաժանմանը:



























