Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմությանը կոչ է անում Յանուկովիչի հետ բանակցությունների չնստել եւ պահանջել նրա հրաժարականը:

Նրա այդ հայտարարությունը խորհրդարանի նիստի ժամանակ ընթերցել է պատգամավոր Ալեքսանդրա Կուժելը (ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցությունից), հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Տիմոշենկոյի հայտարարությունում ասվում է. «Ես պահանջում եմ ընդդիմությունից այլեւս երբեք Յանուկովիչի հետ բանակցությունների սեղանի շուրջ չնստել: Մեզնից յուրաքանչյուրը, ով կխախտի այդ տաբուն, կլինի Յանուկովիչի հանցակիցը անմեղ մարդկանց սպանության հարցում:

Այս պահից ժողովրդի, քաղաքացիական հասարակության, ընդդիմության, միջազգային հանրության եւ յուրաքանչյուր բարոյական մարդու միակ պահանջը կարող է լինել միայն Յանուկովիչի հեռացումը նախագահի պաշտոնից եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանություն կազմակերպելու համար»:

Տիմոշենկոն համաշխարհային առաջնորդներին կոչ է արել «անհապաղ ուղի գտնել միջազգային քրեական դատարանում Յանուկովիչի գործը քննելու եւ նրան խաղաղ մարդկանցից մեկուսացնելու համար՝ որպես գազանի»: