Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում մեկնաբանել Ուկրաինայում կատարվող իրադարձությունները:
«Կոռեկտ չէ կարծիք հայտնել այն մասին, ինչ այժմ կատարվում է մեր բարեկամ երկրում, մեր բարեկամ ժողովուրդների հետ, հատկապես քննարկել, թե ինչ կարող է անել Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը կամ ընդդիմությունը»,- այսօր` փետրվարի 20-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողների դիտարկմանը, թե Ուկրաինայում կատարվող դեպքերը համեմատում են 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մարտի 1-ին ընդառաջ պետք է սկսել քննարկել մարտի 1-ի ողբերգությունը: Ես բարոյական չեմ համարում շահարկել մարտի 1-ի ողբերգությունը»:
Նորից անդրադառնալով ուկրաինական դեպքերին` ԱԺ փոխնախագահը նշեց, որ իրենք ցանկանում են միայն, որ «բարեկամ Ուկրաինայում դադարեցվեն արյունալի իրադարձությունները»:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերից Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են սկսվել: Փետրվարի 18-ից սկսած Կիեւի Անկախության հրապարակում` Մայդանում, բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ իրավապահների միջեւ, զոհերի թիվը մոտենում է 100-ի:



























