Ավելին ասել, քան իմ մամուլի քարտուղարն է ասել, չեմ պատրաստվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը նախարարի հասցեին։
Հարցին, թե չի պատրաստվում ներողություն խնդրել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս քաղաքական ուժերի հասցեին ասաց «ղալաթ» բառի համար, Թովմասյանն ասաց. «Ամեն մարդ ինքն է իրենց գնահատական տալիս, դուք իրեն հարցրեք, թե ինքը, եթեները կհանի, կլինի այն, ինչ մամուլիս քարտուղարն է ասել»:
Նախարարը նաեւ ասաց, որ չի համարում, որ «ղալաթ են անում» արտահայտությամբ նեղացրել է 53 պատգամավորի. «Եթե-ով խոսելն արգելված չէ։ Իրենց դիմեք, թող ինքն իր «եթե»-ն հանի: Եվ երկու հարց կա այստեղ, բան կա. մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում, եւ երկրորդ՝ առայժմ փակված է»։
Նշենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։
Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։ «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը:




























