Միավորած ազգերի կազմակերպության ժնեւյան կենտրոնակայանում մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված  ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի համաձայն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը  բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։

Ելույթ ունեցան շուրջ հինգ տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարեւորեցին ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշեց.

«Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձեւի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:

Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երեւույթը Կամբոջայից Ռուանդա եւ Դարֆուր շարունակում է մնալ չվերացված»:

«Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձեւերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաեւ ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք»: