Լեռնային Ղարաբաղի բնակիչները վաղ առավոտից մոտենում են երկրի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հուշահամալիր՝ հարգելու Օսմայան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հուշահամալիրը լի է ծաղիկներով եւ ծաղկեպսակներով: Ժամը 11-ին Հուշահամալիր կայցելի Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները սգո պատարագ կմատուցեն:
Ապրիլի 23-ի երեկոյան ԼՂՀ մայրաքաղաքում կայացել է երիտասարդության ավանդական երթը դեպի Հուշահամալիր: Ավելի քան 3500 հոգի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց, որտեղ սգո պատարագ է մատուցվել, շարժվել են դեպի համալիր՝ ջահերով, մոմերով, պաստառներով եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դրոշներով, նաեւ Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով: Միջոցառման կազմակերպիչը ՀՅԴաշնակցության երիտասարդական թեւն է:
Նշենք, որ Երեւանում ապրիլի 23-ին եւս հանրահավաք եւ ջահերով երթ է կայացել:




























