Ապրիլի 23-ի երեկոյան Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի եւ «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ջահերով երթ է մեկնարկել դեպի քաղաքի Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված հուշակոթող-խաչքար:
Երթի մասնակիցները, եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին, բարձրաձայն կոչեր են ուղղել Վրաստանի իշխանություններին, որ նրանք եւս հետեւեն քաղաքակիրթ աշխարհի մի շարք պետություններին եւ ճանաչեն Հայոց Ցեղասպանության փաստը:
Հասնելով հուշակոթող-խաչքար՝ ջահերով երթի մասնակիցները Ախալցխայի քահանա` Տ.Մանուկ Զեյնալյանի գլխավորությամբ աղոթք են հղել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, որից հետո երիտասարդները հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով եւ երգել հայրենասիրական երգեր:




























