Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդված է հրապարակել «Al Jazeera» կայքում, որը ձեզ ենք ներկայացնում մանսակի կրճատումներով.

«Այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյակը: Պատմաբանները, վերլուծաբաններն ու փորձագետները լարել են իրենց երեւակայությունը՝ զուգահեռներ գծելու այն ժամանակվա եւ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունների միջեւ՝ ակնարկելով պատմության կրկնվելու հնարավորության մասին: Ի թիվս բազմաթիվ իրական եւ մտացածին զուգահեռների՝ այն ժամանակվա բրիտանա-գերմանական մրցավազքն այժմ համեմատվում է ամերիկա-չինական մրցակցության հետ, եւ այսօրվա գլոբալացված աշխարհը կարծես նման է դարասկզբի փոխկապվածություններին եւ ծովում գերիշխանության հասնելու գործողություններին: 

Ինչ վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ապա այս տարին նշանակալից տարեթիվ չէ ինչպես նրա սկսվելու, այնպես էլ ավարտի առումով: Սակայն լսելով Ուկրաինայի վերաբերյալ հռետորաբանությունը՝ կարելի է տպավորություն ստանալ, որ աշխարհն այսօր շատ ավելի է հիշեցնում Երկրորդ աշխարհամարտի ինչպես սկիզբը, այնպես էլ ավարտը:    

Վերջերս ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ: «Մենք բոլորս գիտենք, թե փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով ներխուժումը ուր է տանում»,- դրանից մի քանի օր առաջ հայտարարել էր Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, BBC-ի Hardtalk հաղորդման ժամանակ խոսելով Ղրիմում Ռուսաստանի գործողությունների մասին, ասել էր. «Մենք բոլորս գիտենք, թե ում է տանում փոքրամասնություններին պաշտպանելու պատրվակով ներխուժումը»: Նա նկատի ուներ Հիտլերի կողմից Չեխասլովակիայի Սուդետական մարզի բռնազավթումը:

Ռուսական կողմը Ուկրաինայի նոր իշխանություններին նացիստներ եւ  ֆաշիստներ է անվանում: Արեւմտյան մի շարք առաջնորդներ  Ուկրաինայի շուրջ մրցակցությունը համեմատում են տարածքների նոր սահմանագծման, բուֆերային գոտիների եւ մրցակից ուժերի ու ընդդիմադիր բեւեռների միջեւ ազդեցության գոտիների ստեղծման ուժային քաղաքականության հետ, ինչը Սառը պատերազմի մասին հիշողություններ է արթնացնում՝ ճակատագրի հեգնանքով՝ Յալթայում, եւ ոչ միայն:  

Ճշմարտությունն այն է, որ աշխարհն այսօր էականորեն տարբեր է նրանից, ինչ էր 1914-ին, 1945-ին եւ 1991-ին: Առաջին, այսօրվա աշխարհը մեկ դարի կտրվածքով տեսել է երկու ավերիչ ու ողբերգական պատերազմներ եւ ծանրագին Սառը պատերազմ: Ներկայում աշխարհի առաջնորդների համար ավելի շատ ուղեցույց պետք է լինեն այդ պատերազմների չհաղթահարված հետեւանքները, քան այսօրվա պոտենցիալ հակամարտության սերմերն ու ընթացքը:

Երկրորդ, միջուկային զենք ունեցող երկրների միջեւ  պատերազմի հավանականությունը չափազանց քիչ հավանական է: Մինչեւ միջուկային դարաշրջանը երկրները պատերազմում էին, որովհետեւ պարտության եւ անգամ փոխզիջման հետեւանքները համարվում էին ավելի վատ, քան հենց պատերազմներինը: Եթե երբեւէ պատերազմ սկսվի, այն կլինի առաջնորդների անձեռնհասության, ընդհանուր անփութության, մեծամտության եւ կարճատեսության հետեւանքը:

Միշտ էլ գայթակղություն կա պատերազմները հիմնավորելու համար վկայակոչել առավել ակնհայտ գործոնները՝ բարդ դաշինքները, միլիտարիզմը, իմպերիալիզմը, բնական ռեսուրսները եւ այլն: Սակայն հիմնական խաղացողների միջեւ  թաքնված տարաձայնությունները դժվար նկատելի են:

Միջազգային հարաբերությունների այսօրվա համակարգում այդպիսի տարաձայնությունները երկու տեսակի են, որոնք եթե արհամարհվեն եւ չհաղթահարվեն, կշարունակեն լարվածության աղբյուր լինել պետությունների միջեւ: Դրանցից մեկը բարոյական եւ վարքագծային է, մյուսը՝ ֆորմալ եւ իրավաբանական»: