Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում, որ նախաձեռնել էին Բելգիայում ՀՀ դեսպանությունը եւ Բելգիայում գործող հայկական կազմակերպությունները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բրյուսելի Սբ. Մարիամ Մագթաղենացի եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթը շարժվել է դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Բենիլյուքսի երկրներում հայրապետական պատվիրակ Զատիկ վարդապետ Ավետիքյանի օրհնությամբ խաչքարի մոտ խունկ է վառվել, հնչեցվել է տերունական աղոթքը: Այնուհետեւ ելույթներ են ունեցել Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը եւ Բելգիահայերի կոմիտեի նախագահ Մ. Մամուրյանը:
Դեսպան Ադոնցը, անդրադառնալով օրվա խորհրդին, հույս է հայտնել, որ Ցեղասպանության սակավաթիվ վերապրածները դեռ կարող են ականատես լինել դրա համատարած ճանաչմանը: Ընդգծվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները չի կարող դիտարկվել այս համատեքստում, եւ որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք որեւէ նկատառումով չեն կարող անտեսել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաեւ Բելգիայի խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:
Արարողությանը մասնակցել են Բելգիայի խորհրդարանի, տեղական իշխանության մարմինների, հրեական, թութսիական եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























