Ռուսաստանում վթարի ենթարկված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործը դատարան կուղարկվի ապրիլի կեսերին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել նախաքննություն իրականացրած մարմնին։ Առաջին միջնորդությունը վերաբերում է Հրաչյա Հարությունյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, թե նա ոստիկանին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, պաշտպանական կողմն ընդհանրապես համաձայն չէ այս մեղադրանքի հետ։ «Նման բան չէր կարող լինել ուղղակի այն պատճառով, որ Հրաչյա Հարությունյանը դուրս էր թռել մեքենայի խցիկից եւ այդպիսի վատ վիճակում մի փոքր անհավանական կլիներ, որ ոստիկանը մոտենար, խնդրեր փաստաթղթ, ինքը կեղծը ներկայացներ։ Այդ գործողությունները առանց թարգմանչի եւ փաստաբանի ներկայության են իրականացվել, երբ Հրաչյան գտնվել է շոկի մեջ։ Թեեւ դա մեծ դեր չունի պատժի մեջ, բայց խնդիրը այն է, որ ինչու վերցենլ մեղադրանք, որը չես կատարել»,- ասաց նա։

Մյուս միջնորդությունը, Երանուհի Թումանյանցի փոխանցմամբ, վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարար, մասնավորապես՝ որոշակի վկաների հարցաքննությանը։ Այս մասով փաստաբանները չեն ցանկանում մանրամասներ հաղորդել՝ ելնելով նախաքննության շահերից։ «Հրաչյան ընդունում է  իր մեղքը, պատրաստ է համագործակցել նախաքննության հետ, որպեսզի վերջնական պարզվի, թե ինչպես եւ ինչու է եղել այդ վթարը եղել եւ հետագայում բացառվեն նման դեպքերը։ Ենթադրվում է, որ այդ միջնոդրություններից հետո՝ 10 օրվա ընթացքում, կլինի վերջնական մեղադրական եզրակացությունը, այն կուղարկվի դատախազություն, ապա՝ դատարան։ Այսինքն, գործը դատարան կուղարկվի ապրիլի կեսերին»,- ասաց ՄԻՊ խորհրդականը։

Նա նշեց, որ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա գտնվում է կալանավայրում, բայց մշտապես բժիշկների հսկողության տակ է։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: