NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ Վիրջինիա նահանգում խորհրդատվական ընկերություններից մեկի տնօրեն Դենիել Նելսոնի հոդվածը, որը տպագրվել է «The Huffington Post» թերթում:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, հետեւանքները թվում էր անդառնալի են: Ի վերջո, ՌԴ նախագհը հարբեցող էր, տնտեսությունը փլատակների տակ, իսկ տարբեր կրոնների, ազգությունների եւ տարածաշրջանների «սոցիալիստական միությունը» փլուզվել էր, եւ բռնի հակամարտությունն իրական էր:

Ավելի քան երկու տասնամյակ անց, այդ կիսամերկ երիտասարդի՝ Վլադիմիր Պուտինի, նախագահության երկրորդ (հնարվոր է ոչ վերջին) ժամկետին, նախկին «խորհրդային» կայսրությունը նորից է վեր հառնում: Պաշտպանական օկուպացիայի տեսքով ներխուժումն սկսվեց 1990-ականների սկզբին Մոլդովայի ռուսալեզու տարածաշրջան՝ Մերձդնեստր, որտեղ այն ժամանակ եւ հիմա արդյունավետորեն գտնվում է Ռուսաստանի 14-րդ բանակը:

Երկրորդ ներխուժումը տեղի ունեցավ 2008-ին՝ Վրաստանի դեմ, որպեսզի վերջնականապես պոկեն Աբխազիան եւ Հարավային Օսիան: Հիմա էլ տեղի է ունենում Ղրիմի գրավումն Ուկրաինայից:

Բելառուսը երբեք չի հեռացել, նրա «անկախությունը» Լուկաշենկոյի օրոք հենց այդպիսին է՝ չակերտների մեջ:

Հայաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասը հանձնվեցին՝ պուտինյան ոճով ուժերի գնահատումից հետո:

Ուժեղ իմպերիալիստական միտումներ են նկատվում 21-րդ դարում, երբ Ռուսաստանը գործի է դնում անվտանգության աշխատակազմի հետ իր հին կապերը, բանակը եւ յուրաքանչյուր հետխորհրդային երկրում առկա օլիգարխիային: Բացի այդ, էթնիկ ռուսները եւ ռուսալեզու բնակչությունը հզոր փոքրամասնություն են կազմում գրեթե ամենուր՝ հսկայական Ղազախստանից մինչեւ փոքրիկ Լատվիա:

Բալթյան երկրները հիմա ամուր կանգնած են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, եւ առանձին պատմական լեգիտիմություն ունեն: Սակայն Բելառուսից ու Ուկրաինայի արեւելյան հատվածից մինչեւ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրներ խորհրդային կայսրության կտորտանքները միավորվում են Մոսկվայի գերիշխանության տակ՝ եթե ոչ քաղաքական, ապա տնտեսական եւ անվտանգության առումներով:

Կարելի՞ է փոխել այս իրավիճակը, եւ ինչո՞ւ դա պետք է հուզի ամերիկացիներին: Ջորջ Բուշ-ավագը ոչինչ չարեց Մոլդովայի հարցում: Նրա որդին ոչինչ չարեց Վրաստանի հարցում: Ղրիմի օկուպացիան կհանգեցնի միայն որոշ «պատժամիջոցների»: Ինչո՞ւ. որովհետեւ, անկեղծ ասած, այդ վայրերն ու ժողովուրդները չեն գտնվում եւ երբեք էլ չեն գտնվել ԱՄՆ-ի ազդեցության գոտում: Ամերիկան չի պայքարի Ղրիմի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի համար, բայց դրա պատճառը Իրաքում ու Աֆղանստանում 13-ամյա պատերազմը չէ կամ գլոբալ պատերազմն ահաբեկչության դեմ: Պատճառն այն է, որ ամերիկացիների մեծ մասը չգիտի այդ տարածքների մասին, կամ էլ նրանց համար միեւնույն է:

Այստեղ չկա ղրիմթաթարական համայնք, եւ շատ քիչ ընտրողներ կարող են գտնել այդ վայրերը տեղը, կամ ինչ-որ բան իմանալ դրանց պատմության մասին:

Հանուն Սեւ ծովում ինչ-որ թերակղզու, կամ Մոլդովայի արեւելքում ինչ-որ տարածքի, կամ Կովկասում ինչ-որ հողակտորի, ոչ մի ամերիկացի, բացառությամբ մի քանի հին զինվորականների եւ երիտասարդ ծայրահեղականների, ռիսկի տակ չի դնի ամերիկացիների կյանքը:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ն այս անգամ կարող է ավելի քիչ կոնֆլիկտային քայլեր ձեռնարկել ի պատասխան Պուտինի գործողությունների: Ցավոք, ջանքերի մեծ մասը ձախողվեց մեր դաշնակիցների շարքում միասնականության պակասի պատճառով, բայց դեռ ամեն ինչ կորած չէ:

Նախ, Մոկսվայի ուժը կախված է խոշոր հաշվով անօգուտ միջուկային զենքից, գազի եւ նավթի արտահանումից եւ Պուտինի քաղաքական ուժի ընկալումից: Երկրորդ, միջազգային ասպարեզում Մոսկվայի տեղը շատ բանով կախված է խորհրդային ժամանակներից եկող ազդեցությամբ, օրինակ Սիրիայում:

Էլ որտե՞ղ Ռուսաստանը վճռական ազդեցություն ունի: Հնդկաստանում արդեն չունի, բայց հնարավոր է, ունի Հայաստանում, Բելառուսում եւ Կուբայո՞ւմ: Դաշնակիցների այս ցանկն այնքան էլ ազդեցիկ չէ:

Երրորդ, ոչ միայն ԱՄՆ-ը պետք է դեմ դուրս գա ռուսական ինքնավստահությանը: Օրինակ, ԵՄ-ն, որը վրդովված էր Կիեւի իրադարձություններով, ավելին չի կարողանում անել, քան ակնարկել, որ հարաբերությունները ստիպված կլինի վերանայել:

Չորրորդ, տարածքներից ոչ մեկը, որոնք Ռուսաստանը կուլ է տվել կամ հարկադրաբար վերահսկում է, տնտեսապես չի շահել Մոսկվայի սյուզերենությունից: Դա Պուտինի հաղթանակը չէ, այլ Օբամայի պարտությունը: Ռուսաստանը կրկին սկսել է լկտիորեն առաջ մղել իր շահերը, սակայն ԽՍՀՄ-ին վերադարձը կասկածելի օգուտ կբերի՝ առանց որեւէ պարգեւատրման: