«Կարծում եմ, որ եռակողմ հանդիպում կազմակերպելը ճիշտ, ժամանակին արված նախաձեռնություն է, որը կայացավ եւ հռչակագրի ստորագրմամբ հաջող ավարտ ունեցավ»,- լրագրողներին հայտնել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ փաստաթղթի ստորագրումից հետո, հաղորդում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:

Կրոնական ղեկավարները, նրա խոսքով, քաղաքական իշխանություն չունեն եւ չեն կարող «զորքեր շարժել այս կամ այն ուղղությամբ»: «Բայց նրանք հատուկ հնարավորություն ունեն ներկայացնել այն արժեքները, որոնք շատ մոտ են հավատացյալ մարդկանց: Այն, որ տարբեր կրոնների ներկայացուցիչները հանդիպել եւ պայմանավորվել են շատ կարեւոր հարցերի շուրջ, կարեւոր ազդակ է բոլոր հավատացյալների համար»,- ասել է Կիրիլը:

Պատրիարքը հույս է հայտնել, որ այդ ազդակները կնպաստեն հաշտեցմանը, լարվածության իջեցմանը ողջ տարածաշրջանում եւ բարի մթնոլորտ կստեղծեն, որ քաղաքական առաջնորդները, իրենց վրա հակամարտության կարգավորման քաղաքական լուծման պատասխանատվություն վերցնելով, կարողանան հասնել համաձայնեցված արդյունքի: