Այսօր` ապրիլի 26-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել եւ շատ արագ հետաձգվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստը: Հետաձգման պատճառն այն է, որ դպրոցի աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ մեղադրվող ուսուցիչը հրաժարվել է իր պաշտպանից: Լեւոն Ավագյանն ասել է, որ իր եւ դատապաշտպանի միջեւ որոշակի անհամաձայնություն է ի հայտ եկել, որի պատճառով նա ցանկանում է նոր պաշտպան գտնել:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 4-ին, ժամը 12-ին: Հիշեցնենք, որ Լեւոն Ավագյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այդ հոդվածը նախատեսում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին այդ փաստի մասին ահազանգել էին 11-րդ հատուկ դպրոցում աշխատած երիտասարդները եւ նույն դպրոցի նախկին շրջանավարտները: Հետո Լեւոն Ավագյանը դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանություն` նշելով, թե իրեն զրպարտել են, որի արդյունքում «սուտ մատնության» համար մեղադրանք էր առաջադրվել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Հետագայում գործի քննությունը անցել է ոստիկանության Երեւան քաղաքի քննչական գլխավոր վարչության վարույթ, որտեղ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերացվել եւ մեղադրանք է առաջադրվել ոստիկանություն դիմած ուսուցչի նկատմամբ: