Բանաստեղծ Եղիշե Չարենցի հասարակական, անձնական կյանքի եւ գրական գործունեության մասին պատմող սկանդալային բացահայտումները պարբերաբար ի հայտ են բերում իրարամերժ ինֆորմացիայի նոր ալիքներ: Չարենցագետները վիճում են, հերքում իրար, երբեմն նույնիսկ իրենք իրենց, ինչը հիմք է տալիս մտածելու, որ պոետի կյանքը դեռ լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի: Հստակ է միայն մի բան. բանաստեղծը ծնվել, ապրել, ստեղծել է համամարդկային նշանակության գրականություն ու մահացել: Նրա մահից 117 տարի անց, սակայն, ոչ ոք ստույգ չգիտի՝ որտեղ է ամփոփվել պոետի աճյունը: Բանաստեղծի ժառանգները պնդում են, որ իրենց հանճարեղ հայրը գերեզման չունի, անտեղի են որոնողական աշխատանքները` պարզելու  պոետի վերջին հանգրվանը, չարենցագետները կարծում  են, թե գտել են նրա  ենթադրյալ գերեզմանը, իսկ մշակույթի ոլորտի պատասխանատուները լռում են:

NEWS.am-ի թղթակիցն այս մասին զրուցել է չարենցագետ Դավիթ Գասպարյանի  հետ:

Պարոն Գասպարյան, Չարենցի ծննդյան 117-ամյակին նվիրված մամուլի ասուլիսին օրեր առաջ հայտնել եք, որ փաստեր կան, որոնք թույլ են տալիս ենթադրել, թե որտեղ է գտնվում  բանաստեղծի առեղծվածային գերեզմանը, սակայն որոնողական աշխատանքները որոշակի պատճառներով դադարեցված են: Ո՞րն է խնդիրը:

Այժմ Չարենցի աղջիկներից միայն մեկն է ողջ, մյուսը մահացել է, բայց իրենք դեռ տարիներ առաջ հայտարարել են, որ չեն ցանկանում Չարենցի գերեզմանի տեղը բացահայտվի, ուզում են՝ մնա առեղծված: Մեր սկսած որոնումները /ժամանակին լուրջ որոնումներ ենք արել/ մնացին անավարտ, որովհետեւ ընտանիքը դեմ էր:

Միայն  ա ՞յդ պատճառով են ընդհատվել որոնողական աշխատանքները:

Այո: Դա իրենց ցանկությունն էր եւ պաշտոնական հայտարարությունը:

Ձեր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել եք, որ երկար որոնումներ եք արել, սակայն բանաստեղծի գերեզմանի հետ կապված ոչինչ չեք գտել, որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել, թե որտեղ է թաղված Եղիշե Չարենցը: Ինչո՞վ են պայմանավորված այս երկու միմյանց հակասող տեղեկությունները:

Վարկածը, որով ես առաջնորդվել եմ` ունի երկու  վկայություն. այն, որ գերեզմանը գտնվում է Հրազդանի կիրճում, դա  իրականությանը չի համապատասխանում, գերեզմանը  այլ տեղում է:

Որտե ՞ղ:

Չարենցի ենթադրյալ գերեզմանը գտնվում է Երեւանից Էջմիածին տանող ճանապարհի ձախ թեւի վրա:

Ասում են՝ այդ տեղում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունն է կառուցվել:

Անմիջապես այդ տեղում չի, այլ այդ մասերում է: Այդ տարածքը ժամանակին՝ դեռ 37 թվից, պատկանել է Ներքին գործոց պանսիոնատին: Հենց այդ պանսիոնատի այգում է թաղվել Չարենցը: Նորից եմ կրկնում՝ դա վարկած է, որովհետեւ մինչեւ չգտնես եւ 100 տոկոսով չհաստատես, չես կարող վստահ ասել: Քոչարյանի տունը, որքան ես գիտեմ, մոտ է այդ տարածքին: Այդքանը:

Շրջանառվող վարկածի համաձայն, Չարենցի արտաշիրիմված աճունը /ոսկորները/ ի պահ է տրված մասնավոր անձի, որի ինքնությունը գաղտնի է պահվում:  Ըստ Ձեր ունեցած տվյալների, այս ինֆորմացիան համապատասխանո ՞ ւմ է իրականությանը, թե ՞ ոչ:

Ոչ, չի համապատասխանում իրականությանը, այդպիսի բան չկա, դա սուտ եւ հորինված խոսակցություն է, որը պետք է մոռանալ: 

Ի ՞նչ նպատակով է հորինվել այդ սուտը:

Դա սիրողական բնույթի խոսակցություն է, միայն դա կարող եմ ասել:

NEWS.am-ը հետաքննական հրապարակումների շարք է սկսել՝ պարզելու, որտեղ է ամփոփվել պոետի աճյունը, եղել է արդյոք արտաշիրիմում, եւ որտեղ են այժմ պահվում պոետի մասունքները։ Նոր հրապարակումները՝ առաջիկայում։

Նվարդ Մանվելյան