Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն արձագանքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նամակին: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը օրերս անդրադարձել էր ԴԱՀԿ ծառայության էլեկտրոնային աճուրդի կազմակերպման խնդիրներին՝ նշելով, որ նրանով գույքն օտարվում է շուկայականից չափազանց ցածր գներով եւ օրինակ է բերել, երբ 11 միլիոն գնահատված բնակարանը վաճառվել է 1 միլիոն դրամով:
Այս առնչությամբ, ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարզաբանել է. «Նշված գործը վերաբերվում է ք.Վանաձոր, Աբովյան 68 հասցեում գտնվող տանը, որը 2009 թվականի հոկտեմբերին օտարվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով 1 միլիոն 907 հազար դրամով: Նշված գույքը ԴԱՀԿ ծառայության աճուրդում է գտնվել 2004 թվականից, եւ նրա նախնական գինը իսկապես կազմել է 11 միլիոն դրամ: Ի դեպ 2004 թվականին անշարժ գույքի շուկայական գինը շատ ավելի բարձ էր 2009-ի մակարդակից: Սակայն, ինչպես նշում է նաեւ ինքը` Մարդու իրավունքների պաշտպանը, օրենքի տառին համապատասխան, աճուրդին մասնակից չլինելու, գույքը գնել ցանկացող չլինելու հետեւանքով, 5 տարվա ընթացքում դրա գինը ընկել է մինչեւ 1,907 մլն դրամ»:
«Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով լոտերի գները նվազում են, ապա Ծառայությունը այդ խնդիրը չի բացառում: Բազմաթիվ հրապարակումներում ծառայության ներկայացուցիչները նշել են գույքի գրավչության ցածր մակարդակը, ինչը եւ նպաստում է պոտենցիալ մասնակիցների հետաքրքրության նվազ մակարդակին: Վերջինս պայմանավորված է մեր հասարակությանը բնորոշ մտածելակերպի որոշ առանձնահատկություններով: ԴԱՀԿ ապահովող ծառայությանը բազմիցս կոչ է արել ակտիվ մասնակցել հարկադիր էլեկտրոնային աճուրդին: Ավելին, այդ խնդրի լուծման նպատակով ծառայությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում»,- ասված է ԴԱՀԿ կողմից տարածված հաղորդագրության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղարից:




























