Ռուս-հայկական միգրացիոն իրավական բազան կատարելագործման է ենթակա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն՝ մեկնաբանելով ՌԴ օտարերկրացի քաղաքացիների մուտքի եւ բնակության օրենսդրության փոփոխությունները, որոնք գործում են 2014թ.-ի հունվարի 1-ից:

«Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ լինի: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է ներդաշնակեցնել օրենսդրությունը: Ռուսական օրենսդրության յուրահատկություններից մեկն այն է, որ այն ճիշտ, սակայն ոլորուն ուղով է ընթանում: Խոսում ենք ճիշտ բաների մասին, ճիշտ խնդիրներ ենք դնում, իրավական ակտեր ենք ընդունում, որոնք ուղիղ են ընթանում, հետո շրջվում են, այնուհետեւ միայն ուղիղ են ընթանում: Այդպիսին Պետդումայում են Դաշնության խորհրդում իմ ավելի քան 15-ամյա աշխատանքային փորձը»,- նշել է Չերնիշենկոն:

Հայաստանի համար այդ օրեսդրությունն առանձնահատուկ նշանակություն ունի: «Սակայն Հայաստանի համար Մաքսային միությանն ինտեգրացման շրջանակներում հարցն առավել  կարեւոր նշանակություն է ձեռք բերում»,- հավելել է Չերնիշենկոն:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Ռուսաստանում օտարերկրացի քաղաքացիների համար ժամանակավոր գտնվելու ժամկետը  առանց վիզայի չի գերազանցում 90 օրը 180 օրվա տարբերությամբ: այլ կերպ ասած աշխատանքային միգրանտների համար փակ է տեխնիկական ելքի հնարավորությունը: Այժմ, դուրս գալով Ռուսաստանից, պետք է նվազագույնը 90 օր սպասել: