Վերջին երկու օրերին հանրապետությունում առկա եղանակային պայմանների պատճառով վնասվել է ծիրանի շուրջ 90 տոկոսը, իսկ ծիրան արտադրող ֆերմերները մոտ 25-30 մլն դոլար վնաս են կրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ վերջին երկու օրվա եղանակային պայմանները վնասել են այն ծառերը, որոնց ծաղիկը ձեւավորվել էր, իսկ այդպիսիք էին նուշը, բալենին եւ ծիրանը: Հատկապես, լուրջ վնաս է հասցվել Արարատյան հարթավայրերի այս բերքատեսակներին, իսկ Արագածոտնի, Կոտայքի մարզերում ծաղկակալում չէր եղել, ծաղիկը չէր ձեւավորվել եւ ցրտահարությունը այդպիսի վնասներ չի տվել: «Վնասները սկսվեցին, երբ երկու օր առաջ կարկուտ տեղաց: Կարկուտը իր գործը արեց հատկապես Էջմիածնի տարածաշրջանում, Երեւանի շրջակայքում, որտեղ ծիրան կա եւ ծառերը ծաղկակալած էին: Այս գիշեր լրիվ ցրտահարություն կար, հիմնական գործը արեց ձյունը, որը հուսաթափ արեց ծիրան արտադրող ֆերմերներին»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միության» նախագահն ասաց, որ վաղվանից եղանակը կտաքանա, բայց դեռ ցրտահարության վտանգը առկա է: «Եթե հաշվարկենք անցյալ տարվա գներով, ապա ծիրանի միջին գինը արժեր 200դրամ, իսկ Հայաստանում 50-55 հազար տոննա ծիրան է արտադրվում, որից 20-22 հազար տոննան արտահանվում է, մոտ 20 հազարը սպառում ենք, ունենք նաեւ երկրորդային ծիրան՝ շուրջ 10 հազար տոննա, որը հիմնականում գնում է վերամշակման, այսինքն՝ խոսքը մոտ 55-60 հազար տոննա ծիրանի մասին է եւ եթե 200 դրամով հաշվենք, ուրեմն՝ կարող ենք ասել, որ 25-30 մլն դոլարի չափով գյուղացին վնաս է կրել: Սա վերջնական չէ, նախնական  հաշվարկ է, վերջնական տվյալները կասենք շաբաթվա վերջում: Եթե Արագածոտնի, Կոտայքի մարզի ծիրանը հանենք եւ հաշվի առնենք, որ սպասվում էր 55 հազար տոննա բերք, նախնական տվյալներով՝ կարող ենք ասել, որ վնասվել է ծիրանի 90 տոկոսը՝ մոտ 50 հազար տոննա»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Նա շեշտեց, որ գյուղատնտեսությունը միայն ծիրանով չի վերջանում, պետք է  ամեն ինչ անել մյուս կուլտուրաների կարգին արտադրություն կազմակերպելու համար,«ունենք բանջարաբուծություն, անասնապահություն, խնձորի, դեղձի բերք ենք սպասւմ, այնպես որ կյանքը չի կանգնել»: Հրաչ Բերբերյանի խոսքով՝ բնությունը ամեն տարի մի անակնկալ պատրաստում է, նախորդ տարի էլ կարկտահարվեց Արմավիրի տարածաշրջանի բերքը, «գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ, այնպես որ ռիսկայնությունը բարձր է»: Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս անգամ գյուղատնտեսության նախարարությունը ամեն ինչ արեց, «եթե  եթե նախորդ տարիներին ուշ էր արձագանքում, պատրաստում գյուղացիներին, այս տարի ամեն ինչը տեղի տեղին էր, ուղղակի օդերեւութաբանական կայանը մեկ օր ուշ էր ասել, որ ցրտահարութուն կլինի, բայց դա ոչ մի նշանակություն չունի, բնությունը իրենը արեց, որեւէ մեկը բնության դեմ ոչինչ չէր կարող անել»:

Ինչպես կանխատեսվել էր, մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում  20-30մ/վրկ, ինտենսիվ անձրեւներ  եւ ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին  դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով եւ հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ  տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում  5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում  25-30սմ, Սյունիքի հովիտներում  13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ (Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երեւանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:

Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում եւ Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում: