Եվրամիության գիտական համագործակցության ծրագրերի ներգրավվածությամբ Հայաստանը բացարձակ ցուցանիշներով չորրորդ տեղում է Ռուսաստանից, Վրաստանից եւ Բելառուսից հետո, սակայն եթե այդ թվերը վերածենք հարաբերականի՝ երկրի բնակչության թվի հաշվարկով, ապա մեր երկիրը առաջինը կլինի։ Այս մասին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ։
Թվային արտահայտմամբ՝ հայ գիտնականների ձեռքբերումները հետեւյալն են՝ 773 հոդված բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում, 19 մենագրություններ, 75 միջազգային ծրագրերի մասնակցություն։
2013թ. ընթացքում արտասահմանյան երկրներ են գործուղվել ԳԱԱ 547 գիտաշխատող, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցել է 284, համատեղ աշխատանքներ է կատարել 164, բանակցություններ է վարել 99 գիտաշխատող: Արտասահմանից ժամանել է 895 գիտնական, այդ թվում` գիտական միջոցառումների մասնակցելու համար 440, համատեղ աշխատանքներ կատարելու համար 213, բանակցություններ վարելու համար 242 գիտաշխատող:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ: ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատող:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով: «ԳԱԱ 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում համակարգի գիտական կազմակերպություններն անց են կացրել մոտ 55 տարաբնույթ գիտական կոնֆերանսներ, համագումարներ և այլ միջոցառումներ, որոնց մասնակցել է 25 երկրի ավելի քան 400 գիտնական, այդ թվում` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնց հետ հաստատվել են նոր գիտական ուղղություններով համագործակցության նոր կապեր»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ Նախագահը շեշտեց, որ ինչպես եւ նախորդ տարիներին, աշխատանքների ընդհանուր թվում քիչ են հումանիտար ոլորտի աշխատանքները, բացառություն է կազմում միայն հնագիտության ինստիտուտը։
Թվարկելով հայ գիտնականների ձեռք բերումները կիրառական ոլորտում, Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ դժվար է ասել, որ ստացված արդյունքները արդեն արտադրության պատրաստի միջոցներ են, նրանք դեռ ճանապարհ ունեն անցնելու, եւ այդ ճանապարհը էտապներ ունի. բուն գաղափարը կազմում է 27 տոկոսը, մնացածը՝ առեւտրայնացնելու տոկոսներն են։ «Երբեմն մեզ մեղադրում են, որ տնտեսությանը չենք նպաստում», - ասաց նա, հավելելով, որ այս առեւտրայնացման ճանապարհը անցնելու համար անհրաժեշտ են համապատասխան կառույցներ, ինչպես նաեւ մասնավոր հատվածի շահագրգռվածությունը։
ԳԱԱ նախագահը նաեւ նշեց, որ 2013 թվականին պետբյուջեից ստացված աշխատավարձի ֆոնդը եղել է երեք միլիարդ դրամից ավելի, եւ գիտաշխատողների միջին աշխատավարձը կազմում է 74 000 դրամ, իսկ արտաբյուջետային աղբյուրները գումարած՝ 100 հազար դրամ, եւ սա Հայաստանում ամենացածր աշխատավարձն է։
Ժողովի վերջում ԳԱԱ նախագահը դիմեց ՀՀ նախագահին, կոչ անելով հուլիսին աշխատավարձերը վերանայելիս, գիտնականների աշխատավարձերին եւս անդրադառնալ։
Այսօր, ապրիլի 23-ին, տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահը։




























