Մեծ Բրիտանիայի իշխանությունները քրեական գործ են հարուցել փողերի հնարավոր լվացման վերաբերյալ՝ կապված Ուկրաինայում կոռուպցիայի կասկածանքով: Այդ առնչությամբ, Մեծ Բրիտանիայում սառեցվել են շուրջ 23 մլն դոլարի ակտիվներ:
Այս գործի մանրամասները, որով զբաղվում է առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների դեմ պայքարի բրիտանական բյուրոն, դեռեւս չեն բացահայտվում:
Ապրիլի 29-ին, Լոնդոնում սկսվում է երկօրյա միջազգային հանդիպումը, որի նպատակը Ուկրաինայի ղեկավարությանն օգնելն է այդ ակտիվները վերադարձնելու հարցում, որոնք ենթադրաբար գողացել են Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամները:
Յանուկովիչի ընտանիքի եւ նրա մերձավորների բանկային հաշիվների արգելափակելու մասին ավելի վաղ հայտարարել էին Կանադան, Շվեյցարիան, Ավստրիան եւ Լիխտենշտեյնը: Ավելի ուշ Եվրամիությունը հրապարակել էր ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Խոսքը նաեւ նրանց հաշիվների սառեցման մասին է:




























