Մայիսի 4-ին հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Վիլորբան քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ժան-Պոլ Բրետի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում` թե որպես քաղաքապետ, թե որպես նախկին պատգամավոր եւ Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական խմբի նախագահ, որը նաեւ համահեղինակն էր Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը նշել է, որ ինչպես ողջ Ֆրանսիայում, այնպես էլ Վիլորբանում առանձնատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին եւ հայերին, եւ որ իր այցի հիմնական նպատակն է առավել ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը եւ նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացմանը:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների եւ շրջանների միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը, որն արդեն ներառում է երկու կողմից շուրջ 50 քաղաք եւ շրջան:



























