«Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նման պատասխան է տվել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ արված պնդումներին:

Նշենք, որ Արազ Ազիմովը, այսօր հայտարարել է, որ Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը առաջին փուլում կարող էր բացվել 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատումից հետո, եւ դա ցույց կտար պաշտոնական Բաքվի բարի մտադրությունները Երեւանի նկատմամբ», — ասել է Ազիմոն ու մանրամասնել. «Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգիլանը, Ղուբաթլին պետք է ազատվեն այդպիսով, եւ պետք է բացվի Լաչինի ճանապարհը: Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում: Այդ ժամկետները պետք է որոշվեն, եւ այդ առնչությամբ կա համանախագահների առաջարկը: Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը եւ Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաեւ պետք է ամրագրվի փաստաթուղթ 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատման վերաբերյալ»:

Ազիմովը հայտարարել է նաեւ, թե «գրավյալ տարածքներում պետք է վերականգնվի Ադրբեջանի սահմանադրության գործողությունը, եւ դրա շրջանակներում տեղի բնակչության համաձայնության հիման վրա պետք է որոշվի ԼՂ կարգավիճակը»: