Մայիսի 5-ին մեկնարկում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Ուկրաինա: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսված են Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության հանդիպումները Դավութօղլուի հետ, ԱԳՆ-ների ղեկավարներ Կոնստանտին Գրիշչենկոյի եւ Ահմեդ Դավութօղլուի բանակցությունները: Դավութօղլուն նաեւ կայցելի Ղրիմ:
Ակնկալվում է, որ կայանալու է «Երկկողմ հարաբերությունների 2010-2011թթ. զարգացման ճանապարհային քարտեզ»-ի ստորագրումը: «Բացի այդ, բանակցությունների արդյունքում կողմերը պետք է գործնական քայլերով որոշեն քաղաքական երկխոսության շարունակման ուղիները Կիեւի եւ Անկարայի միջեւ»,- ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:




























