«Ռոսկոմնադզորը» սկսել է փորձարկել առցանց լրատվամիջոցների մեխանիկական դիտարկման համակարգը: Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Ամպելոնսկին հայտարարել է, որ համակարգի գլխավոր խնդիրն է հոդվածներում եւ մեկնաբանություններում հայհոյանքների դեմ պայքարելը:

«Համակարգի խնդիրն է գտնել հայհոյանքները: Այսօր գերատեսչության մասնագետները արգելված բառապաշար են փնտրում կայքերում», — Ամպելոնսկու խոսքերն է մեջբերում  «Իզվեստիան»: 

Ըստ լրատվամիջոցների` ներկայումս ծրագիրն ավարտման փուլում է, եւ մասնագետները առանցքային բառերի ցանկն են կազմում: Համակարգը ստեղծելու ամբողջական արժեքը կազմում է 25 միլիոն ռուբլի: «Ռոսկոմնադզորի» մասնագետները առայժմ  ուսումնասիրում են 5 հազար լրատվամիջոց: Համակարգն ամբողջությամբ կսկսի գործել մինչեւ 2014 թ. վերջը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է ոչ պատշաճ բառապաշար օգտագործել գրականության, մշակույթի ստեղծագործությունների` թատերական եւ լուսավորչական միջոցառումների տեսքով վերարտադրության ժամանակ: Ավելին` հայհոյանք պարունակող գրքերը կարող են միայն հատուկ` կնքված փաթեթավորմամբ եւ «անպարկեշտ բառապաշար» մակնշմամբ վաճառվել։

Պուտինն արգելել է հայհոյել