Հարավային Կովկասում քիմիական զենքի հետ ուղղակիորեն կապված խնդիրներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցին հայտնել է Քիմիական զենքի մասին կոնվենցիայի իրականացման ազգային մարմնի ղեկավար Սամվել Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Երեւանում Արեւելյան Եվրոպայի` Քիմիական զենքի մասին կոնվենցիայի մասնակից երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ հանդիպումն է ընթանում:
«Բայց Կոնվենցիան եւս մեկ անչափ կարեւոր գործառույթ է իրականացնում. այն երկակի նշանակության նյութերի վերահսկողություն է ապահովում: Խոսքն այն նյութերի մասին է, որոնք կիրառվում են կենցաղային նշանակության քիմիական արտադրության մեջ, սակայն կարող են եւ քիմիական զենք ստանալու նպատակով օգտագործվել: Կոնվենցիան սահմանափակումներ է նախատեսում, եւ յուրաքանչյուր երկիր պարտավոր է նման նյութերի շրջանառության ծավալների մասին հայտարարագիր ներկայացնել»,- նշել է Սամվել Մկրտչյանը:
Հայաստանի մասով այն ժամկետանց սպառազինությանը եւ զինամթերքին է վերաբերում, որոնք ոչնչացման ենթակա են: «Այդ խմբի երկրներոմ քիմիական զենք միայն Ռուսաստանը ունի, որն էլ հետեւողականորեն կրճատում է դրա ծավալները»,- տեղեկացրել է Սամվել Մկրտչյանը:
Հանդիպման արդյունքում եզրահանգումներ կարվեն, որոնք կողմնորոշիչ դեր կխաղան հետագա աշխատանքների համար եւ կներկայացվեն ազգային մարմինների ղեկավարների տարվա վերջին կայանալիք ընդհանուր հանդիպմանը:
Անդրադառնալով Կոնվենցիայի խախտումների վերաբերյալ հարցին, Սամվել Մկրտչյանը նշել է, որ որպես այդպիսին լուրջ խախտումներ չեն գրանցվել, սակայն քիմիական զենքի պաշարներ դեռեւս շարունակում են մնալ: Օրինակ` Չինաստանում, որ Ճապոնիան է թողել: Միացյալ Նահանգները շարունակում են ոչնչացումները: Իսկ Սիրիայի պարագայում միջազգային հանրության միաձայն կարծիքն է ձեւավորվել: Կոնվենցիայի շրջանակում երկրները, լիարժեք ընկալելով աշխարհի ցանկացած ծայրում քիմիական զենքի կիրառման կործանիչ հետեւանքները, ակտիվորեն համագործակցում են: Միեւնույն ժամանակ Մկրտչյանը խոստովանել է, որ քիմիական զենքից հրաժարման գործընթացը երկարատեւ է, մանավանդ հաշվի առնելով, որ դեռեւս կան երկրներ, որոնք չեն միացել Կոնվենցիային:



























