Մայիսի 6-ին Լեյդենի համալսարանի գրադարանում բացվել է «Հայերը. Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը` նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350-ամյակին: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի եւ Արեւելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել է Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ 5-րդ դարում հայկական գրերի գյուտը դարձավ մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թագմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը եւ, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձան ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային մշակույթի եւ մտավոր հարստության անբաժան մասը:

Բացման արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաեւ Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության նախագահ Մ.Հախվերդյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մի մագաղաթ` ժամանակակից թարգմանությամբ:

Համալսարանի տրամադրության տակ կա 65 ձեռագիր մատյան, որոնցից 57-ը 1885թ. համիդյան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, հանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը հետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրենը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը: