Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կոչ է արել ՀՀ-ի ու ԼՂ-ի լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների նախագահներին, Ադրբեջանի հետ քարոզչական պատերազմում հրադադար հաստատել: Նրա խոսքով, 1994-ին հաստատված հարդադարը բավարար չէր հակամարտության վերջնական կարգավորման համար, իսկ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը եւ միջպետական պաշտոնական հարաբերությունների բացակայությունը վերջին տարիներին ոչ միայն նպաստել են լարվածության սրմանը հակամարտության գոտում, այլև աստիճանաբար ծանրացրել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կոչվող ռազմաքաղաքական կշեռքի «ոչ խաղաղություն» նժարը:

«Եւ այս գործում, ցավոք սրտի, պարսավելի դեր են կատարում լրատվամիջոցները: Շարունակվող և արդեն իսկ վտանգավոր թափ առած տեղեկատվական պատերազմը կամա-ակամա խաղում է, այսպես կոչված, հրետանային նախապատրաստության դեր, նպաստելով ուժային լուծման անխուսափելիությանը, լուծում, որն աղետալի հետևանքներ կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար:

Այս ոչ դյուրին իրավիճակում և 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագրի 16-ամյակի նախօրեին նպատակահարմար եմ գտնում հանդես գալ նախաձեռնությամբ, որը միտված է հակամարտության բոլոր կողմերի տեղեկատվական դաշտում „հրադադարի“ հաստատմանը և ռազմական դիմակայության տարիներին ստեղծված „թշնամու կերպարից“ աստիճանական հրաժարմանը: Վստահ եմ, որ տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղ երկխոսության շարունակման համար, կնպաստի իրական փոխզիջումների և փոխընդունելի լուծումների որոնմանը և այս հարցում կողմերի լրատվամիջոցների դիրքորոշումների մերձեցմանը:

Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին կոչ եմ անում նպաստել տեղեկատվական դաշտում 2010 թվականի մայիսի 12-ի 00 ժամի 01 րոպեից թշնամական գործողությունների դադարեցմանը: Սա առաջին հերթին նշանակում է հրաժարում այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ազգամիջյան թշնամանք ու պատերազմի քարոզչություն են պարունակում»,- ասված է Գեղամ Բաղդասարյանի կոչում: