Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, ով այսօր ընդդիմադիր «Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահն է, հրավիրվել է Մոսկվա` որպես պատվավոր հյուր: Նա մասնակցելու է Կարմիր հրապարակում տեղի ունենալիք հաղթանակի շքերթին:

Բուրջանաձեի կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, թե նա Մոսկվայում պաշտոնական հանդիպումներ չի ունենալու:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե այդ շքերթին չի ցանկանում տեսնել նախագահ Սահակաշվիլիին: Վրաստանի նախագահն, իր հերթին, մեկնել է Վատիկան, ուր հանդիպելու է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ:

Նշենք նաեւ, որ Բուրջանաձեն Վրաստանի քաղաքական էլիտայում համարվում է առավել հավասարակշռված գործիչներից մեկը, որը նաեւ նախագահական հավակնություններ ունի: Նախագահ հավանական մյուս թեկնածուն Ալասանիան է: Մոսկվան ակնհայտորեն իր առջեւ նպատակ է դրել տապալել Սահակաշվիլիին, սակայն խնդիրն այն է, որ Վրաստանում չկա ռուսամետ ընդդիմություն: