ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2010թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից, Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը՝ ժամը 12-ից մինչև 16-ը: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:




























