Մայիսի 8-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված քաղաքացիներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին «Կանաչ ակումբ» («Club», Թումանյան 40)` քննարկելու Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցի իրավիճակը: Հատուկ հյուրերի շարքում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆստրան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Խնդիրը ներկայացնելու համար կցուցադրվի 2 ֆիլմ, որոնցից մեկը վերջերս նկարահանվել է «Արտակարգ ալիքի» կողմից և ներկայացնում է Էրեբունում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանի տարբեր բնապահպանական կազմակերպություններ զգուշացնում են, որ Էրեբունի թաղամասի թունաքիմիկատների գերեզմանոցը մեծագույն վտանգ է ներկայացնում: 500 տոննա տարողությամբ թունաքիմիկատները թաղվել են այնտեղ դեռևս 1982 թվականին: Վերջին տարիներին այդ տարածքում, որին կից 2 գյուղեր էլ կան, ամառանոցներ են կառուցվել: Թունաքիմիկատների այս գերեզմանոցը սպառնալիք է մարդկանց և կենդանիների համար. այն աղտոտում է ողջ տարածաշրջանի հողը եւ ստորգետնյա ջրերը: Բայց չնայած բնապահպանների և գիտնականների հաճախակի հնչող ահազանգերին և հորդորներին, ՀՀ կառավարությունը որևէ վճռորոշ քայլ չի ձեռնարկում` պատճառաբանելով, որ միջոցները չեն բավարարում:
Ապրիլ ամսին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը հատուկ փորձագետ էր հրավիրել Դանիայից` հետաքննելու իրավիճակը: Հայաստան ժամանած «International HCH & pesticide Association» կազմակերպության տնօրեն Ջոն Վայգենը խորհուրդ տվեց անհապաղ քայլեր ձեռնարկել, քանի որ ողջ տարածքը ոչ միայն թաղամասի, այլեւ Երեւանի համար է վտանգ ներկայացնում:




























