Երեւանում մեկնարկել է ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբերի խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի առաջին կեսը կանցկացվի Երեւանում, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղում։
Ինչպես նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, միջոցառման նպատակը հայ ազգի համերաշխությունն է «Մենք պարզապես ցանկանում ենք մեր ազգային հարցերը լուծել մեր ազգային շահերին համապատասխան»,- հայտարարել է Մկրտչյանը։
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Բյուրոյի անդամները հատուկ ուշադրություն են դարձրել արտերկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, երբ Հայաստանի «հակառակորդները» փորձում են հայկական մոդելով լոբբի ձեւավորել։ Նրանք գրասենյակներ են բացում տարբեր երկրներում, ուժեղացնում են արդեն գոյություն ունեցողների գործունեությունը։ Մկրտչյանի խոսքով, նրանց նպատակը ոչ միայն սեփական լոբբիի ամրապնդումն է, այլ նաեւ հայկական Սփյուռքի մեջ սեպ խրելը։ «Սա շատ լուրջ ազդանշան է, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ամփոփել է Մկրտչյանը։
Նշենք, որ սա ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբերի՝ Երեւանում եւ Ստեփանակերտում կազմակերպած երրորդ խորհրդաժողովն է։ Դրան մասնակցում են «Հայ դատի» հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդաժողովի նպատակը միջազգային վերջին իրադարձությունների ֆոնին «Հայ դատի» ռազմավարությունը եւ հետագա գործողությունները քննարկելն է։ Խորհրդաժողովի օրակարգային հարցերից են 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման, ինչպես նաեւ Արցախի հզորացման հարցերը։




























