ԵՄ-ն սլացավ Ռուսաստանի «նախապարտեզի» «ամենազգայուն տարածք»՝ առանց նրա հնարավոր արձագանքի մասին մտորելու: Արեւմուտքն ընդհանրապես 20 տարի Ռուսաստանին լուրջ չէր ընկալում: Իսկ երբ Ռուսաստանն արձագանքեց Ղրիմը բռնակցելու եւ Արեւելյան Ուկրաինան ապակայունացնելու ճանապարհով, Արեւմուտքը կտրականապես փոխեց իր կարծիքը եւ  կոչ արեց «զսպել» ռուսական ռեւանշիզմը, գրում է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան  Թոնի Բրենթոնը` The Guardian-ում հրապարակված իր հոդվածում:

Բարեբախտաբար, այժմ Արեւմուտքը, երեւում է, գիտակցել է, որ գործ ունի ոչ թե ռեւանշիստական, այլ սառը հաշվարկող Ռուսաստանի հետ:  Ըստ Բրենթոնի` Ռուսաստանը չի ցանկանում ոչ պատերազմել, ոչ էլ իր վրա վերցնել Արեւելյան Ուկրաինայի վերականգնման ծախսերը: «Սակայն նա պահանջների նվազագույն ցուցակ ունի. Ուկրաինայի չեզոքությունը, ռուսախոս քաղաքացիների մեծ ինքնավարություն, որոնք պետք է կատարվեն, քանի Ռուսաստանը չի համաձայնել  նահանջել»:

«Աշխարհը, որտեղ ամեն ինչ  կանոններով է (իսկ մենք 1991թ.-ից երեւակայում ենք, որ ապրում ենք հենց այդպիսի աշխարհում), միշտ էլ խաբկանք է եղել, իսկ այժմ այդ խաբկանքը զարգանում է», - գրում է հեղինակը: Գորնականում օրենքներն թելադրվել են Արեւմուտքի կողմից, որը տնտեսական եւ ռազմական առավելություն ուներ:

«Երբ Արեւմուտքը օրենքից բացառություն անելու հնարավորություն էր տեսնում` Իրաք, Կոսովո, Իսրայել,  մնացած երկրները քթի տակ  փնթփնթում էին, սակայն չէին ընդդիմանում», - նշել է Բրենթոնը: Իսկ այժմ «օրենքներով շարժվող աշխարհի» խաբկանքը  թուլանում է` արեւմտյան  գերազանցության նվազելուն զուգահեռ:

«Անկասկած, մենք կարող էինք հուսահատ  կռիվ սկսել Պուտինի դեմ` Ուկրաինայի  ՆԱՏՕ մտնելու իրավունքի համար: Սակայն արդյունքում Ուկրաինան կպառակտվի, տնտեսության աշխատանքը  կխաթարվի, Ռուսաստանն էլ ավելի խիստ  կնեղանա եւ ավելի ապակառուցողական կգործի, իսկ համաշխարհային կարգուկանոնը   էլ ավելի կթուլանա: Իսկ հաղթող կմնան միայն Չինաստանի եւ Իրանի կարգի երկրները», - ասվում է հոդվածում, փոխանցում է Inopressa-ն: