Հայաստանի ֆինանսների նախարարությունը բյուջեն փոքր բիզնեսի հաշվին լրացնել չի պատրաստվում: Այս մասին մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Մենք փոքր բիզնեսը որպես բյուջետային եկամուտների աղբյուր չենք ընկալում: Ընդհակառակը` այն ազատ եւ մրցակցային դաշտում աշխատունակ դարձնելու մտադրություն ունենք: Բայց այնպես, որ հաշիվ-ապրանքագիր վերցնելու պահանջն ուժի մեջ մնա», - մեկնաբանել է նախարարը:
Նա նշել է, որ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգն արդեն գործարքների 75-90 տոկոսն է ծածկում, իսկ մանրածախ առեւտրում նոր սերնդի հաշվիչ-դրամարկղային սարքեր են ներդրվում: «Այս ամենը «ստվերի» դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռում: Բայց գլխավորն այն է, որ մենք ցանկանում ենք ոչ թե վարչական միջոցների կիրառմամբ, այլ` գիտակից եւ ինքնուրույն հայտարարագրման միջոցով արդյունքի հասնել», - հավելել է Գագիկ Խաչատրյանը:
Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ երկրի պետական բյուջեն 2006-13թթ. ընթացքում 505 մլրդ դրամից 1 տրլն 7 մլրդ դրամի է հասել, իսկ ՀՆԱ հանդեպ հարաբերակցությունը` 16,2 տոկոսից` 23,4 տոկոս: Ի պատասխան մեկնաբանության, թե հարկային բազան ներկայումս եկամտահարկի մաս կազմող` նախկին սոցվճարների հաշվին է ուռճացվել, նախարարն առարկել է, ասելով, որ հաշվարկի մեթոդները բոլոր երկրներում էլ նույնը չեն: «Ռուսաստանում բազան նաեւ հողի եւ ունեցվածքի հարկն է ներառում, իսկ մեզ մոտ` ոչ: Այնպես որ բոլորի մոտ էլ տարբեր է: Իսկ առաջընթաց չնկատել հնարավոր չէ: Հարկեր-ՀՆԱ հարաբերությամբ ԱՊՀ առաջին հորիզոնականներում ենք գտնվում», - ամփոփել է ֆինանսների նախարարը:




























