Երեւանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաեւ՝ նվագախմբերի մասնակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսում նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառմանը տեղի կունենա նաեւ շրջանավարտների օրհնության կարգ։

Այս տարի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական   դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, եւս 441 շրջանավարտ  ավարտում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ եւ 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։

Երեւանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» ծրագիրը։

«Երեւանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երեւանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց.  շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երեւանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, եւ այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երեւանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է եւ տեղին։ Այս տարի «Երեւանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, եւ ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ եւ գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալը։

«Երեւանյան ամառ» ծրագրի երեք ամիսների ընթացքում Մանկական զբոսայգում շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 12։00-14։00-ն բացօթյա բազմաժանր համերգային, կրկեսային ծրագիր է նախատեսված։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 11։00-17։00-ն մուտքը անվճար է լինելու Երեւան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի եւ Իսաբեկյան ցուցասրահներում։

Հունիս-օգոստոս ամիսներին Կարապի լճում ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20։30-ից 22։30-ը բացօթյա էկրանին հայկական ֆիլմերի ու համերգների ցուցադրում է լինելու։ Շառլ Ազնավուրի հրապարակում շաբաթ օրերին երեկոյան «Երեւան» փողային նվագախումբն է ելույթ ունենալու։