Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իսոյի փաստաբան Գայանե Գալոյանը:
«Չնայած կալանքի վերաբերյալ դատը դեռ չի եղել, սակայն ես համոզված եմ, որ այն երկու ամսով երկարացնելու են: Մինչեւ մայիսի 25-26-ը դատական նիստը կլինի»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ ինքը նոր ապացույցներ ունի գործի հետ կապված, սակայն դեռ չի կարող դրանք ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է:
«Մի բան հստակ է, որ Մոսոյի դին դեռ չեն գտել, իսկ ինչ ասում են գտնված երկու հեռախոսների մասին, այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Հենց նախաքննություն ավարտվի, այդ ժամանակ կներկայացնեմ իմ ապացույցները»,- ավելացրեց նա:
Նշենք, որ Իսրայել Սարգսյանին ոստիկանները բերման են ենթարկել փետրվարի 3-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանը: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:





























