Խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների, ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՕԵԿ-ի կառավարության հինգամյա գործունեության ծրագրի քվեարկությանը չմասնակցելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի համարում բոյկոտ: GALA-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:

«Դա բոյկոտ չէ, ասին, որ չեն մասնակցում քվեարկությանը: Բոյկոտը դա ուրիշ է: Ես կարծում եմ չէին ուզում ասել` ոչ, եւ նաեւ չէին կարող ասել` այո»: Հարցին, թե ինչու չէին կարող ասել այո, ապա ըստ Հ. Աբրահամյանի. «Մեկը մեկից երեւի քաշվում են, մտածում են կասեն՝ դավաճան են եւ այլն, ես այդպես եմ մտածում»:

Լրագրողներից մեկի հարցին, թե քառյակում խնդիրնե՞ր կան, ՀՀ վարչապետն ասաց, թե չգիտի: «Ես չեմ ուզում, որ խնդիրներ լինեն, թող աշխատեն: Ինչի՞ եք ինձ ուղղում այդ հարցերը: Հիմա եթե ես իրանց մասին կարծիք հայտնեմ, պիտի մտածեն: Ես իմ կարծիքն եմ ասում», -ասաց Հ. Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ այսօր ալկոհոլի ազդեցության տակ էին եկել ԱԺ եւ նրանց խմած «բերման էին ենթարկում», որպեսզի մասնակցեին քվեարկությանը, ապա Հ. Աբրահամյանն ասաց. «Չէ, հարբած չէին, կարող ա, ես չգիտեմ: Ես լարված լսում էի պատգամավորների քննադատությունները, առաջարկությունները»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածի ընդմիջմանը Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ՝  Առաքել Մովսիսյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանն ու Վարդան Այվազյանը ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ էին:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: