Հակառակորդի գնդակից Արցախում մայիսի 20-ին մահացու վիրավորում ստացած զինծառայող Արթուր Օհանջանյանի հայրենի գյուղում՝ Բռնակոթում, այսօր Վերջին զանգ չեն նշելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը:
«Այսօր ժամը 13:00-ին Արթուրի հուղարկավորությունն է, զինվորական պատվով է լինելու, պաշտպանության նախարարությունից էլ են մարդիկ գալու»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վերջին զանգ գյուղը չի նշելու:
Գյուղապետը պատմեց, որ Արթուրը վիրավորվել է մայիսի 20-ին ժամը 20:00-ի սահմաններում, իսկ դեպքից մի քանի ժամ առաջ խոսել է ծնողների հետ:
«Հակառակորդը մի քանի անգամ կրակել է, մի գնդակը կպել է պատին եւ հետ եկել, կպել Արթուրին, հասցրել են հիվանդանոց, մի 30 րոպե պայքարել են կյանքը փրկելու համար, բայց չի հաջողվել: Դեպքից երկու ժամ առաջ էլ ինձ հետ խոսեց, ամեն ինչ լավ էր»,- ավելացրեց Ատոմ Առաքելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Արթուր Սեյրանի Օհանջանյանը, որը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից էր: Նա հետմահու պարգեւատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:





























