Ամենատարեց ամերիկուհին, որը ծնվել է XIX դարում եւ ներկայումս ողջ է, նշում է իր 115-ամյակը: Ջերալիեն Թելին ծնվել է 1899թ. մայիսի 23-ին: 

Հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել այսքան երկար ապրել, Թելին պատասխանել է.«Ամեն ինչ բարի Աստծո ձեռքերում է: Ես ոչինչ անել չեմ կարող»: Նա նախկինում հայտարարել էր, որ ծրագրում է իր հերթական հոբելյանը նշել եկեղեցում` հարազատների եւ ընկերների միջավայրում: 

Թելին աշխարհի ամենատարեց մարդկանց ցանկում երկրորդն է: Ցուցակում առաջինն է 116-ամյա ճապոնուհի Միսաո Օկավան, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ջերալիեն Թելին ծնվել է Ջորջիա նահանգում, սակայն 1935 թ.-ից  ապրում է Միչիգանում: Նրա ամուսին Ալֆրեդը, որի հետ ապրել են 52 տարի, մահացել էր 1988 թ.: Թելիի միակ դուստրը` Թելման, այժմ 76 տարեկան է: